Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Իմ լռությունը

Իմ լռությունը
25.04.2025 | 13:10

Ես այսօր լռել եմ...

Թողել եմ ՝ խոսի իմ լռությունը...

Իմ լռության մեջ

Մուշ ու Սասունի, Արցախ աշխարհի

մռնչյունը կա,

լեռ ու քերծերիս որոտմունքը կա,

ճաքերի միջից ծաղիկ տվող հողիս՝

իր ներսում խեղդած հառաչանքը կա...

Ես այսօր լռել եմ...

Թողել եմ ՝ խոսի իմ լռությունը...

Իմ լռության մեջ

Ղազանչեցոց զանգի աղաղակը կա,

Դադիվանքի զանգի մեծ ցասումը կա,

դավված, անպատվված երկնաթագ Շուշիի

վրեժով լեցուն հևաշունչը կա,

ու անճրագ մնացած հազար-հազար տան

սևավորված մայրերի հեծեծանքը կա...

Ես այսօր լռել եմ...

Թողել եմ ՝ խոսի իմ լռությունը...

Իմ լռության մեջ

Տավուշի շվարած անզորությունը կա,

Տագնապած Սևանի լուռ խռովքը կա,

չծնկող Սյունիքի բռունցքվելը կա,

ու հաշմված տղաների վրեժվելը կա...

Ես այսօր լռել եմ...

Թողել եմ ՝ խոսի իմ լռությունը...

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 5533

Մեկնաբանություններ